Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որին անդամակցում են 57 երկրներ (2023թ. մայիսի դրությամբ):

«Երկրի բնական պաշարները, ինչպիսիք են՝ նավթը, գազը, մետաղները և հանքային նյութերը, պատկանում են հանրությանը: Այդ պաշարների արդյունահանումը կարող է ապահովել տնտեսական աճ և սոցիալական զարգացում: Սակայն, բնական պաշարների վատ կառավարումը հաճախ հանգեցնում է կոռուպցիայի և հակամարտությունների: Արդյունահանող ոլորտի հանրային հարստության օգտագործման և կառավարման բաց և հանրային վերահսկողությունն անհրաժեշտ է, որպեսզի բնական պաշարներն օգուտ բերեն բոլորին:»

ԱՃԹՆ-ի ստանդարտն ընդգրկում է բնական պաշարների արդյունահանումից մինչև դրա` երկրի քաղաքացիների վրա ունեցած ազդեցության հետ կապված բոլոր հիմնական խնդիրները, մասնավորապես, ինչպես են տրամադրվում և գրանցվում ընդերքօգտագործման և ոլորտի այլ թույլտվություններն ու պայմանագրերը, ովքեր են այս գործընթացների շահառուները, ինչպիսին են ֆինանսական և իրավական կարգավորումները, որքան արտադրանք է արտադրվում, ինչքան են կազմում ոլորտից պետական բյուջե ուղղվող եկամուտները, ինչպես են տեղաբաշխվում այդ եկամուտները, ինչ ներդրում է ապահովվում տնտեսության մեջ՝ ներառյալ զբաղվածության աճը:

ԱՃԹՆ-ի նպատակը ավելի թափանցիկ և հաշվետվողական պետական և գործարար համակարգերի ստեղծումը, ինչպես նաև հանրային երկխոսության կայացումը խթանելն է՝ դրանով իսկ երաշխավորելով կողմերի միջև փոխընբռնումը:
Նախաձեռնությանը միացած յուրաքանչյուր երկրում ԱՃԹՆ-ն իրականացվում է կառավարության, արդյունահանող ճյուղերի գործարար հատվածի կազմակեպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կոալիցիայի միջոցով:

Ստանդարտն ապահովվում է ԱՃԹՆ-ի միջազգային խորհրդի կողմից:

ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության տարեկան աշխատանքային ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԱՃԹՆ-ի միջազգային կայք:

ԱՃԹՆ-ի ներդրումն օգուտներ է ապահովում ներգրավված բոլոր կողմերին՝ կառավարությանը, հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպություններին ու ներդրողներին և քաղաքացիական հասարակությանը:

Իրականացնող երկրների համար ԱՃԹՆ-ի ներդրումը կապահովի ներդրումային միջավայրի բարելավում՝ ներդրողներին և միջազգային ֆինանսական հաստատություններին հստակ ազդանշան հաղորդելով կառավարության կողմից ավելի բարձր աստիճանի թափանցիկության ապահովման պարտավորություն ստանձնելու մասին: ԱՃԹՆ-ն խթանում է նաև հաշվետվողական և բաց կառավարումը, ինչպես նաև տնտեսական և քաղաքական ավելի մեծ կայունությունը: 

Հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպությունների և ներդրողների համար ԱՃԹՆ-ի ներդրումը կնպաստի քաղաքական և հեղինակության անկման ռիսկերի կրճատմանը և հավասար խաղի կանոնների սահմանմանը: Քաղաքական անկայունությունը, որի պատճառը ոչ թափանցիկ կառավարումն է, սպառնալիք է ներդրումների համար: Արդյունահանող ճյուղերում, որտեղ ներդրումներն առավել կապիտալատար են, և շահութաբերությունը կախված է երկարաժամկետ կայունությունից, անկայունության նվազեցումը շահավետ է գործարար միջավայրը բարելավելու տեսանկյունից:

Քաղաքացիական հասարակության համար ԱՃԹՆ-ի ներդրումը կապահովի կառավարության կողմից հանրային հարստության օգտագործումից առաջացած եկամուտների տնօրինման թափանցիկություն և հաշվետվողականություն: Նախաձեռնությունը խթանում է նաև երկխոսության կայացմանը կառավարության, տնտեսության մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության միջև:


 2003 թվականին բոլոր շահառուների կողմից հաստատվել են ԱՃԹՆ-ի սկզբունքները, որոնք սահմանում են այդ շահառուների ընդհանուր նպատակները և հանձնառությունները.

  1. Մենք կիսում ենք այն համոզմունքը, որ բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործումը պետք է լինի կայուն տնտեսական աճի կարևոր շարժիչ ուժ, որը նպաստում է կայուն զարգացմանը և աղքատության կրճատմանը, իսկ դրա ոչ պատշաճ կառավարումը կարող է հանգեցնել բացասական տնտեսական և սոցիալական հետևանքների:
  2. Մենք հաստատում ենք, որ բնական ռեսուրսների կառավարումն՝ ի նպաստ երկրի քաղաքացիների, ինքնիշխան կառավարությունների տիրույթում է, որը պետք է իրականացվի՝ ելնելով տվյալ երկրի ազգային զարգացման շահերից:
  3. Մենք ընդունում ենք, որ ռեսուրսների արդյունահանման օգուտներն արտահայտվում են բազմամյա եկամտային հոսքերով և կարող են մեծապես կախված լինել գներից:
  4. Մենք ընդունում ենք, որ կառավարության եկամուտների և ծախսերի մասին հանրային ընկալումը ժամանակի ընթացքում կարող է նպաստել հանրային երկխոսությանը և կայուն զարգացմանն ուղղված առավել նպատակահարմար և իրատեսական տարբերակների իրազեկ ընտրությանը:
  5. Մենք ընդգծում ենք կառավարությունների և արդյունահանող ճյուղերում գործունեություն ծավալող ընկերությունների կողմից թափանցիկության ապահովման կարևորությունը և հանրային ֆինանսների կառավարման ու հաշվետվողականության բարելավման անհրաժեշտությունը:
  6. Մենք ընդունում ենք, որ ավելի մեծ թափանցիկության ապահովումը պետք է իրականացվի պայմանագրային իրավունքի և օրենքների պահպանման համատեքստում:
  7. Մենք գիտակցում ենք, որ ֆինանսական թափանցիկության բարելավումը կարող է հանգեցնել ներքին և արտաքին ուղղակի ներդրումների ավելացմանը:
  8. Մենք հավատում ենք կառավարության կողմից եկամուտների հոսքի և հանրային ծախսերի կառավարման հարցում բոլոր քաղաքացիների առջև հաշվետվողականության ապահովման սկզբունքին և դրա գործնական կիրառությանը:
  9. Մենք հանձնառու ենք հասարակական կյանքում, կառավարության գործառնություններում և բիզնեսում թափանցիկության ու հաշվետվողականության բարձր ստանդարտների խրախուսմանը:
  10. Մենք հավատացած ենք, որ վճարումների և եկամուտների բացահայտման հարցում հարկավոր է որդեգրել հետևողական և իրագործելի մոտեցում, որը հեշտ կլինի ստանձնել և կիրառել:
  11. Մենք հավատացած ենք, որ տվյալ երկրում վճարումների բացահայտման գործընթացը պետք է ընդգրկի այդ երկրի արդյունահանող ճյուղերում գործունեություն ծավալող բոլոր ընկերությունները:
  12. Ձգտելով գտնել լուծումներ՝ մենք հավատացած ենք, որ բոլոր շահագրգիռ կողմերը, ներառյալ՝ կառավարությունները և պետական գործակալությունները, արդյունահանող ճյուղերում գործունեություն ծավալող ընկերությունները, ծառայություններ տրամադրող ընկերությունները, բազմակողմ կազմակերպությունները, ֆինանսական կազմակերպությունները, ներդրողները և հասարակական կազմակերպությունները, այս գործում պետք է ունենան իրենց կարևոր և պատշաճ ներդրումը: