Ավելի հեռուն գնալ՝ ինչպես է շահառու սեփականության թափանցիկության ոլորտում Հայաստանը հայտնվել առաջատարի դերում

22.10.24
Ավելի հեռուն գնալ՝  ինչպես է շահառու սեփականության թափանցիկության ոլորտում Հայաստանը հայտնվել  առաջատարի դերում

Հայաստանի ուղին դեպի շահառու սեփականության թափանցիկություն՝  ճանապարհ է հարթում արդյունահանող և այլ ոլորտներում ավելի մեծ հաշվետվողականության համար

 Հենց այս վերնագրով ԱՃԹՆ–ի միջազգային կայքում հոդված է հրապարակվել շահառու սեփականության բացահայտման գործում Հայաստանի անցած ճանապարհի  և այդ ոլորտում առաջատարի դերի ստանձնման մասին:

Հոդվածում հեղինակը բարձր է գնահատել շահառու սեփականության բացահայտման գործում Հայաստանի ԱՃԹՆ-ի  անցած ուղին և երկրի՝  այդ ճանապարհին գրանցած հաջողությունները:

Ընդգծելով, որ Հայաստանը հանդիսանում է շահառու սեփականության թափանցիկության ոլորտի միջազգային առաջատարը՝ հոդվածագիրը  անդրադարձ է կատարել այդ հաջողությունը հնարավոր դարձրած  հիմնական  բաղադրիչներին: Այսպես,  ըստ հեղինակի, հետևյալ գործոններն են պայմանավորել Հայաստանի հաջողությոնը.

  • Խստորեն սահմանված իրավական դաշտը

Վերջին մի քանի տարվա  ընթացքում ՀՀ կառավարությունը կատարելագործել է շահառու սեփականության  իրավական սահմանումները՝ դրանք համապատասխանեցնելով միջազգային լավագույն փորձին և ԱՃԹՆ-ի Ստանդարտին: Հայաստանը  ընդունել է Open Ownership կազմակերպության  «Իրական Շահառուների  տվյալների ստանդարտը՝ (BODS)»-ը  հանքարդյունաբերության ոլորտի համար՝ դառնալով առաջին երկրներից մեկը, որը ներդրել է այս բաց ստանդարտը՝ ընկերության սեփականության վերաբերյալ բարձրորակ տվյալների հավաքագրման, փոխանակման և օգտագործման համար:

  • Տեղեկատվության հեշտ հանրային հասանելիությունը

ՀՀ Արդարադատության նախարարության կողմից Իրական շահառուների ռեգիստրի վարումը փոխել է ամբողջ խաղը: Այն թույլ է տալիս հանրությանը հեշտությամբ մուտք գործել սեփականության մասին տեղեկատվության շտեմարան՝ խթանելով իրազեկված հանրային  բանավեճը և քաղաքացիական ներգրավվածությունը: Հատկապես հետաքննող լրագրողներն են   օգտագործել այս տվյալները՝  ընկերությունները մանրակրկիտ ուսումնասիրելու, թաքնված շահերը բացահայտելու և ապօրինի գործողությունները հանրայնացնելու  համար:

  • Հուսալի, ստուգված տվյալներ

Շահառու սեփականության տվյալների որակի և ճշգրտության ապահովումը դժվար մարտահրավեր է՝ հատկապես հաշվի առնելով տեխնիկական և անձնակազմի սահմանափակումները: Այս խոչընդոտները հաղթահարելու համար Հայաստանի կառավարությունը թվային հարթակ է ստեղծել ընկերությունների համար՝ հայտարարագրերը առցանց  ներկայացնելու նպատակով՝ զուգակցելով դա  բարձր ռիսկային դեպքերի տվյալների ստուգմանը աջակցող օրենսդրական բարեփոխումների հետ:

«Շահառու սեփականության թափանցիկության ոլորտում Հայաստանի հաջողությունը բարձր նշաձող է սահմանում ԱՃԹՆ-ն իրականացնող մյուս երկրների համար:

Այն ընդգծում է բազմաշահառու գործընթացի կարևորությունը՝ պետական ​​ընթացակարգերի շարունակական իրավական բարեփոխումների, միջգերատեսչական համագործակցության համար և այդ գործընթացներում իրական շահառուների  մասին տվյալների ինտեգրման համար: Այս առաջընթացը ձեռք բերվել  պետական ​​պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության, հանքարդյունաբերության ներկայացուցիչների և միջազգային գործընկերների լայն կոալիցիայի շնորհիվ: Մինչ Հայաստանն առաջ է գնում, նրա հանձնառությունը օրինակ է ծառայում այլ երկրներին՝ ավելի մեծ թափանցիկության հասնելու համար»-նշում է հոդվածագիրը:

 

Հոդվածն ամբողջությամբ այստեղ՝ https://eiti.org/blog-post/digging-deeper-how-armenia-leading-way-beneficial-ownership-transparency