Հայաստանի ԱՃԹՆ-ի քարտուղարության կողմից կազմակերպված հերթական աշխատաժողովը՝ Ամբերդում

11.10.24
Հայաստանի ԱՃԹՆ-ի քարտուղարության կողմից կազմակերպված հերթական աշխատաժողովը՝ Ամբերդում

2024թ. հոկտեմբերի 10-11-ը Արագածոտնի մարզի «Ամբերդ» հյուրանոցում կայացավ ՀՀ վարչապետի աշխատակազմի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության քարտուղարության կողմից կազմակերպված երկօրյա աշխատաժողովը՝ նվիրված ընդերքօգտագործողների կողմից վճարվող ռոյալթիներից համայնքների օգտին կատարվող  մասհանումների հաշվին իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման, հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունից բխող գործողությունների պլանի միջոցառումների իրականացման և կարողությունների զարգացման թեմաներին: Աշխատաժողովն անդրադարձավ նաև ԱՃԹՆ 2023թ. Ստանդարտի նոր պահանջների ապահովման հարցերին:

Հանդիպմանը մասնակցում էին Տարածքային նախարարության և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի, Ֆինանսների նախարարությունների, Հայաստանի ֆոնդային բորսայի, Քաջարան, Վարդենիս, Ալավերդի,  Ծաղկաձոր և Մեղրի ազդակիր համայնքների պատասխանատուներ, Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության և ընդերքօգտագործողների խմբակցությունների ներկայացուցիչներ, ՀԲ-ի և ԱՃԹՆ ազգային քարտուղարության պատասխանատուներ՝  թվով 23 հոգի:

Հանդիպման նպատակն էր՝ զարգացնել և ամրապնդել  ռոյալթիներից մասհանումներ ստացող համայնքների, ինչպես նաև պետական մարմինների պատասխանատու աշխատակիցների կարողությունները և հմտությունները համայնքների զարգացման ծրագրեր մշակելու, իրականացնելու և կառավարելու գործում: Հանդիպմանը քննարկվեցին այդ ոլորտում գործող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության հարցերը: Առանձնակի հետաքրքրություն առաջացրեց համայնքների պատասխանատուների կողմից ռոյալթիներից կատարված մասհանումների հաշվին 2024թ-ին ազդակիր համայնքներում  իրականացվող ծրագրերի ներկայացումը:

Օրակարգում ներառված էր նաև նոր ներդրումներ ներգրավելու, կորպորատիվ կառավարումն ամրապնդելու նպատակով միջազգային և տեղական  ֆոնդային բորսաներում ցուցակվելու խթանների ստեղծման նպատակով միջոցառմանն առնչվող հարցերը: Այդ առումով, հետաքրքիր քննարկումներ տեղի ունեցան, որոնց ընթացքում ԲՇԽ-ի ընդերքօգտագործողների խմբակցության ներկայացուցիչները  ներկայացրեցին ընկերությունների դիրքորոշումը այդ հարցերի վերաբերյալ: Նշված հարցերի լուծումների վերաբերյալ կարևոր պարզաբանումներ ներկայացվեց Հայաստանի ֆոնդային բորսայի ներկայացուցիչ  Սարգիս Գևորգյանի կողմից:

Աշխատաժողովի օրակարգային հարցերը ներկայացրեցին էկոնոմիկայի նախարարության Ռազմավարական ոլորտների վարչության պետ Արևիկ Մարգարյանը, Ծանր արդյունաբերության բաժնի պետ Արթուր Ղավալյանը, ՏԿԵՆ-ի Ընդերքի վարչության Ընդերքօգտագործման ոլորտի քաղաքականության մշակման բաժնի պետի պաշտոնակատար Սեդա Հակոբյանը, գլխավոր մասնագետ Նաիրա Բարսեղյանը, Ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության Համայնքային բյուջեների բաժնի պետ Լորիս Մուրադյանը:

ԱՃԹՆ-ի քարտուղարության ղեկավար Հասմիկ Մանուկյանը ներկայացրեց Հայաստանի կողմից ԱՃԹՆ-ի 2023թ. Ստանդարտի նոր պահանջները և դրանց  կատարման հնարավորությունները:

Աշխատաժողովի ավարտին մասնակիցները մեծ գոհունակություն հայտնեցին աշխատաժողովի ընթացքում առաջ քաշված առաջարկությունների, դրանց օգտակարության, ինչպես նաև հաճախակի նման հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտության վերաբերյալ:

Հանդիպումը կազմակերպվել էր Համաշխարհային բանկի «Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն աջակցություն. լրացուցիչ ֆինանսավորում» թիվ TF0B4808 դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ: