Open Extractives ծրագրի շրջանակներում կայացած հերթական աշխատանքային հանդիպումը
Open Extractives ծրագրի շրջանակներում 2024 թվականի ապրիլի 1-ից 2-ը Հայաստանում էր գտնվում Օփեն Օուներշիփ (OpenOwnership) կազմակերպության Ասիական Խաղաղ օվկիանոսական տարածաշրջանային տնօրեն տիկին Էմիլի Մանուելը:
Այցի նպատակը իրական շահառուների տվյալների օգտագործման վերաբերյալ խնդիրների քննարկումն էր՝ երկրի հակակոռուպցիոն օրակարգի նպատակների իրականացման գործում՝ ընդհանրապես, և ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացում, մասնավորապես:
Տիկին Մանուելը հանդիպումներ ունեցավ ՀՀ Արդարադատության նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ԱՃԹՆ ազգային քարտուղարության պատասխանատու աշխատակիցների հետ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ԱՃԹՆ ազգային քարտուղարության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ տիկին Էմիլի Մանուելը նշեց, որ OpenOwnership կազմակերպությունը շատ բարձր է գնահատում ՀՀ կառավարության իրականացրած աշխատանքը՝ իրական շահառուների տվյալները բացահայտելու գործում և այն՝ որպես օրինակելի փորձ է ներկայացնում մասնակից այլ երկրներում:
Այնուհետ, հանդիպման ընթացքում մասնակիցները մտքեր փոխանակեցին իրական շահառուների տվյալների հրապարակման, դրանց բովանդակության, ճշգրտության հավաստման եղանակների մասին:Հանդիպման քննարկման կարևոր թեման էր նաև այն, թե ինչ վերջնական նպատակի համար կարող են օգտագործվել իրական շահառուների տվյալները, կամ ինչպես կարող է ԻՇ տվյալների ուսումնասիրությունը նպաստել հանքարդյունաբերության ոլորտի կառավարման ռիսկերի նվազեցմանը, պատասխանատու և բարի համբավ ունեցող գործարարների ներգրավմանը և այլն:
Տիկին Մանուելը համոզմունք հայտնեց, որ Հայաստանը առաջատար դեր կունենա նաև իրական շահառուների տվյալները օգտագործելու բնագավառում և, հատկապես՝ թույլտվությունների տրամադրման գործընթացում:
Օփեն Օուներշիփ-ի տարածաշրջանային տնօրենը տեղեկացրեց ՏԿԵՆ-ի իր գործընկերներին, որ ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացում ներգրավված մասնագետների կարողությունները զարգացնելու նպատակով կազմակերպությունը Open Extractives ծրագրի շրջանակներում նախատեսում է Հայաստանի լիազոր մարմինների համապատասխան աշխատակիցների համար անցկացնել առկա և առցանց վերապատրաստումների շարք: Այդ շարքի առաջին աշխատաժողովը պլանավորվում է անցկացնել ԱՃԹՆ-ի և OpenOwnership–ի 2024թ. հուլիսյան այցի ժամանակ:
Տարվա ընթացքում տեսական դասընթացներից հետո նախատեսվում են նաև միջազգային լավագույն փորձի ուսումնական այցելություններ: