Տաջիկստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի պատվիրակության այցը Հայաստան

20.07.23
Տաջիկստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի պատվիրակության այցը Հայաստան

2023թ. հուլիսի 17-ից 20-ը Հայաստանի ԱՃԹՆ-ի փորձի ուսումնասիրման նպատակով  Հայաստանում էր գտնվում ԱՃԹՆ-ի Տաջիկստանի բազմաշահառու խմբի պատվիրակությունը, որը գլխավորում էր Տաջիկստանի ԱՃԹՆ-ի ազգային համակարգող Յազդոնզոդա Իսֆանդիյորը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին Տաջիկստանի Արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների,  Ֆինանսների, Էներգետիկայի նախարարությունների, արդյունահանող ընկերությունների և  քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպությունների 12 ներկայացուցիչ:

Այցի գլխավոր նպատակը Հայաստանի ԱՃԹՆ-ի անցած ուղու և փորձի ուսումնասիրությունն էր, երկրի հաջողության պատմության համար հիմք հանդիսացած պայմանների հետ ծանոթությունը, ինչպես նաև ԱՃԹՆ-ի վավերացման գործընթացը պատշաճ մակարդակով անցկացնելու Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի հմտությունների ուսումնասիրությունը:

Այցի առաջին օրը Տաջիկստանի պատվիրակությունը հանդիպում ունեցավ Հայաստանի Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի հետ, որը հյուրերին համառոտ ներկայացրեց Հայաստանի ԱՃԹՆ-ի անցած ճանապարհը և ԲՇԽ-ի անունից վստահեցրեց հյուրերին, որ  երկրի ԱՃԹՆ-ի գործընթացի մեջ ներգրավված պատասխանատու մարմինների աշխատակիցները, ընդերքօգտագործող ընկերությունների մասնագետները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պատրաստ են աջակցել տաջիկ գործընկերներին՝ լրացնելու համար  համապատասխան փորձի պակասը և պահանջվող  ունակությունները:

Քառօրյա այցի շրջանակներում պատվիրակությունն ամենօրյա աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ ունեցավ Հայաստանի ԱՃԹՆ-ի ազգային քարտուղարության, Բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության խմբակցության անդամների, Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի վարչության, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության և Համաշխարհային բանկի պատասխանատուների հետ:

Հանդիպումներն  ընթացան աշխատանքային աշխույժ մթնոլորտում՝ շահագրգիռ քննարկումների և  համագործակցության ոգով: Հյուրերը ներկայացրեցին Տաջիկստանի փորձը և առկա դժվարությունները, Հայաստանի մասնագետները կիսվեցին խնդրահարույց թեմաների վերաբերյալ սեփական դիրքորոշմամբ, ինչպես նաև այդ խնդիրները ԱՃԹՆ-ի շրջանակում լուծելու սեփական փորձով և նախաձեռնության իրականացման շրջանակում առաջիկա պլաններով:    

Այցի վերջին օրը Տաջիկստանի  պատվիրակությանն ընդունեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն, Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ-ի անդամ Արմեն Ստեփանյանը, որը պատասխանեց հյուրերի բազմաթիվ հարցերին և ներկայացրեց Հայաստանի ԱՃԹՆ-ի ներդրման գործում ընդերքօգտագործող ընկերությունների  ունեցած դերը, ինպես նաև անդրադարձավ այն օգուտներին, որոնք ստանում են ընկերություններն ԱՃԹՆ-ի ստանդարտի կողմից պահանջվող  թափանցիկության շնորհիվ:

Այցելության արդյունքներով մասնակից կողմերը վստահություն հայտնեցին հետագա գործընկերային  համագործակցության  անհրաժեշտության վերաբերյալ: