Ռոյալթիներից համայնքների օգտին հատկացվող մասհանումների վերաբերյալ եռօրյա դասընթաց-աշխատաժողով Ծաղկաձորում

08.05.23
Ռոյալթիներից համայնքների օգտին հատկացվող մասհանումների վերաբերյալ եռօրյա դասընթաց-աշխատաժողով Ծաղկաձորում

Համաշխարհային բանկի «Աջակցություն Հայաստանի ԱՃԹՆ-ին» դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) քարտուղարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ ս.թ. մայիսի 4-6-ը Ծաղկաձորում կազմակերպել էր եռօրյա դասընթաց-աշխատաժողով՝ «Ռոյալթիներից համայնքներին հատկացվող մասհանումների հաշվին համայնքների կողմից արդյունավետ ծրագրեր մշակելու և դրանք իրականացնելու կարողությունների զարգացում» թեմայով: 

Դասընթացի նպատակն էր, հաշվի առնելով 2022թ. մարտի 4-ի ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-52-Ն և ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-53-Ն օրենքներում կատարված լրացումները և դրանց կիրարկումն ապահովելու նպատակով ընդունված ենթաօրենսդրական ակտերը՝ զարգացնել և ամրապնդել ռոյալթիներից մասհանումներ ստացող համայնքների, ինչպես նաև պետական մարմինների պատասխանատու աշխատակիցների կարողությունները և հմտությունները։

Աշխատաժողովին մասնակցել է Հայաստանի Վարչապետի աշխատակազմի, լիազոր պետական մարմինների, մարզպետարանների, ազդակիր համայնքների, ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի շուրջ 40 ներկայացուցիչ:

Դասընթաց-աշխատաժողովն ընթացավ ԱՃԹՆ-ի կազմակերպված ուսուցումների արդեն որդեգրած ինտերակտիվ եղանակով՝ ապահովելով բոլոր մասնակիցների բարձր ակտիվությունը: Աշխատաժողովի սկզբում մասնակիցներին ողջունեցին և բացման խոսք հղեցին ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և ԱՃԹՆ-ի ազգային քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանը:

Դասընթացի օրակարգի թեմաները ներկայացրեցին և ներկաների հարցերին պատասխանեցին ՀՀ ՏԿԵՆ-ի ընդերքի վարչության ընդերքօգտագործման ոլորտի քաղաքականության մշակման բաժնի գլխավոր մասնագետ, բաժնի պետի պաշտոնակատար Սեդա Հակոբյանը, գլխավոր մասնագետ Նաիրա Բարսեղյանը, ավագ մասնագետ Արմինե Ստեփանյանը, ՀՀ ՖՆ բյուջետային գործընթացի համակարգման վարչության բյուջետային գործընթացի վերլուծական մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Բաղդասարյանը, ՀՀ ՇՄՆ ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը, ԱՃԹՆ-ի քարտուղարության փորձագետ Հասմիկ Մանուկյանը: Ներկաները հնարավորություն ունեցան նաև լսել ՏԿԵՆ-ի ընդերքի ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի մեկնաբանությունները և դիտարկումները քննարկվող թեմաների և առաջացող հարցերի վերաբերյալ:

Օրակարգում ներառված թեմաներն էին՝ ընդերքօգտագործողների կողմից վճարվող ռոյալթիներից համայնքների օգտին կատարվող մասհանումների  մեխանիզմը և համայնքային բյուջեների համալրումը, այդ մասհանումների գումարներից համայնքների սոցիալ-տնտեսական ծրագրերի կազմումը և համաձայնեցումը լիազոր մարմնի հետ, ծրագրերի միջոցառումների ուղղությունները, ծրագրերի կատարման հաշվետվողականությունը, ծրագրերի կազմման և իրականացման թափանցիկության և հաշվետվողականության կարևորությունը՝ ԱՃԹՆ-ի ստանդարտի պահանջների տեսանկյունից:

Աշխատաժողովի երրորդ օրը հիմնականում նվիրված էր թիմային աշխատանքին: Խմբերի բաժանված մասնակիցները ստացան առաջադրանք՝ մշակելու և ներկայացնելու համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր՝ սահմանված միջոցառումների ուղղություններով: Մասնակիցները հետաքրքրությամբ իրականացրին առաջադրանքը՝ հիմնվելով դասընթացի առաջին երկու օրվա ընթացքում ստացված տեղեկատվության և գիտելիքների վրա: Վերջում մասնակիցները ընդհանուր քվեարկությամբ ներկայացված ծրագրերից ընտրեցին լավագույնը, իսկ լիազոր մարմինների ներկայացուցիչները և ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի ու քարտուղարության ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց կարծիքները այդ ծրագրերի մասին:

Այսպիսով, դասընթաց-աշխատաժողովը լավ հնարավորություն տվեց համայնքների ներկայացուցիչներին զարգացնել սոցիալ-տնտեսական ծրագրեր կազմելու և իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքներն և կարողությունները, իմանալ ԱՃԹՆ-ի ստանդարտի թափանցիկության և հաշվետվողականության պահանջներն ապահովելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ստեղծել միջհամայնքային կապեր՝ լավագույն փորձի փոխանակման համար։ Լիազոր մարմինների ներկայացուցիչների համար աշխատաժողովի քննարկումները հնարավորություն տվեցին արձանագրել կիրարկվող իրավական ակտերի թերի կողմերը և հետագա լրամշակման ենթարկել դրանք՝ ծրագրերի մշակումն ու իրականացումը առավելագույնս պարզաբանելու և հեշտացնելու համար: