Հայաստանի ԱՃԹՆ-ն ներկայացրեց ԱՃԹՆ-ի 4-րդ ազգային զեկույցը

23.12.22
Հայաստանի ԱՃԹՆ-ն ներկայացրեց ԱՃԹՆ-ի 4-րդ ազգային զեկույցը

Դեկտեմբերի 22-ին տեղի ունենեցավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/ EITI) տարեկան համաժողովը, որին ներկայացվեց Հայաստանի ԱՃԹՆ 2020-2021թթ. ազգային զեկույցը։

Միջոցառման սկզբում համաժողովի մասնակիցներին ողջունեցին ՀՀ կառավարության, ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները: Մասնավորապես, բացման խոսքով հանդես եկավ ՀՀ փոխվարչապես, ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նախագահ Տիգրան Խաչատրյանը, որը ներկայացրեց նախորդ տարիներին կատարված աշխատանքը ու ձեռքբերված արդյունքները՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և բազմաշահառու խումբը հանձնառու են ԱՃԹՆ-ի ստանդարտի շարունակաբար բարձրացվող պահանջները բավարարելու գործում և ակտիվորեն աշխատելու են մետաղական հանքարդյունաբերության ոլորտի լավ կառավարման գործելաոճն ամրապնդելու ուղղությամբ։  

Իր ողջույնի խոսքը մասնակիցներին հղեց ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության տնօրեն Մարկ Ռոբինսոնը, որը համաժողովին միացել էր հեռավար եղանակով: Իր խոսքում նա նշեց, որ Հայաստանի Հանրապետությունն ԱՃԹՆ-ի միջազգային համայնքում համարվում է  օրինակելի երկիր, որը մեծ առաջընթաց է գրանցել թափանցիկության և հաշվետվողականության ստանդարտների ներդրման գործում։ Մարկ Ռոբինսոնը հատկապես ընդծեց Հայաստանի առաջընթացը ընդերքօգտագործման պայմանագրերի հրապարակման և իրական շահառուների բացահայտման պահանջների՝ առաջանցիկ տեմպերով կատարման գործում։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ողջույնի խոսքում կարևորվեց ԱՃԹՆ-ի արդյունքների օգտագործման կարևորությունը նախարարության ընթացիկ աշխատանքներում, իսկ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Նարինե Թադևոսյանը մեկ անգամ ևս ընդգծեց Հայաստանի ԱՃԹՆ-ի անցած դժվարին ու արդյունավետ ուղին՝ նշելով Հայաստանի տնտեսության հետագա զարգացման գործում հանքարդյունաբերության կայուն զարգացման կաևորությունը, որի մասն են կազմում թափանցիկությունը ու հաշվետվողականությունը։

Ողջույնի խոսքերից հետո Հայաստանի անկախ ադմինիստրատոր Էրնսթ ընդ Յանգ (EY)  ընկերությունը ամփոփ ներկայացրեց ԱՃԹՆ-ի 4-րդ՝  2020-2021  հաշվետու տարիներն արտացոլող ազգային զեկույցը, որը պատրաստվել էր  ՀՀ վարչապետի աշխատակազմի պատվերով:  EY-ի թիմը համաժողովին ներկայացրեց զեկույցի հիմնական բաժիները, ոլորտից պետական եկամուտներն ու դրանց բաշխումը, ընդերքօգտագործողների սոցիալ-տնտեսական ներդրման տվյալները, ոլորտը կարգավորող իրավական դաշտը և հիմնական օրենսդրական փոփոխությունները հաշվետու տարիներին։ Ներկայացվեցին ֆինանսական տվյալների համադրումների արդյունքերը և առաջարկությունները՝ ուղղված ԱՃԹՆ-ի գործընթացի բարելավմանը։

Համաժողովի երկրորդ մասում անցկացվեցին  երկու պանելային քննարկումներ։ Առաջին՝ «Հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող փոփոխությունները ոլորտի զարգացման տեսլականի ներքո» խորագրով քննարկման ժամանակ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրեց վերջին 2 տարիներին ոլորտի օրենսդրական փոփոխությունները, որոնք վերաբերում են հարկային ռեժիմին, մանրամասն ներկայացվեց ռոյալթիի հաշվարկման 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտնող կարգում կատարված փոփոխությունները։  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը ներկայացրեց ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որի արդյունքում 2024 թվականից ազդակիր բնակավայրերին կուղղվեն մասհանումներ մետաղական հանքարդյունաբերության ոլորտից պետության ստացված ռոյալթիներից: Ներկայացվեց, որ սահմանվել են գումարների բաշխման կարգը, ծախսման ուղղություններն ու հաշվետվողականության պահանջները: Ասվեց, որ ազդակիր բնակավայրիերի ցանկը հաստատվում է ՏԿԵՆ նախարարի հրամանով և այն ամեն տարի թարմացվելու է։ Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանն էլ տեղեկացրեց, որ նախորդ տարիներին օրենսդրորեն ընդալայնվել է այն ընկերությունների ցանկը, որոնց կողմից վճարված բնապահպանական հարկի մասհանումներից ազդակիր համայնքները իրականացնում են  բնապահպանական և առողջապահական ծրագրեր։ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Նարինե Թադևոսյանը խոսեց այն մասին, թե «կանաչ էներգետիկայի» անցման ժամանակաշրջանում ինչպես են մեծանալու մետաղների նկատմամբ պահանջները և ինչում են կայանալու հանքարդյունաբերության ոլորտի կառավարման  մարտահրավերները:

 Երկրորդ պանելային քննարկման խորագիրն էր՝ «ԱՃԹՆ-ի տվյալների օգտագործումը որպես հակակոռուպցիոն և ոլորտի նկատմամբ հանրային վերահսկողության գործիք», որի ժամանակ  Էրնսթ ընդ Յանգ  ընկերության իրավաբաններ  Էդգար Մեյրոյանը և  Գրիգոր Գրիգորյանը ներկայացրեցին «իրական շահառու» հասկացողության և դրա օրենսդրական ձևակերպումների նշանակությունը հանրային  վերահսկողության տեսակետից: ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանը խոսեց այն աշխատանքի մասին, որն իրականացնում է գործակալությունը իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերում հանրության համար հասանելի տվյալների որակի ապահովման ուղղությամբ: Սիվիլնեթ մեդիայի լրագրող Անի Գրիգորյանը ներկայացրեց, թե ինչքանով են կարևոր մեդիա դաշտում աշխատողների համար «իրական շահառուների» մասին տվյալների օգտագործման կարողությունների մեծացմանն ուղղված աշխատաժողովները: ԲՇԽ-ի քաղաքացիական հասարակության խմբակցության անդամ, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ
Վիկտորյա Բուռնազյանն իր հերթին պատմեց իրենց կողմից տարվող այն աշխատանքի մասին, որն ուղղված է ԱՃԹՆ-ի տվյալների մասին իրազեկվածության մեծացմանը և դրանք հասարակական կազմակերպությունների կողմից հանրային վերահսկողության գործում ավելի ակտիվ օգտագործելուն:

ԱՃԹՆ-ի չորրորդ ազգային զեկույցի պատրաստումն ու համաժողովի անցկացումը իրականացվել է Համաշխարհային բանկի «Աջակցություն Հայաստանի ԱՃԹՆ-ին. լրացուցիչ ֆինանսավորում» դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ։