Աշնանային աշխատանքային հանդիպումներ և աշխատաժողով Opening Extractives ծրագրի շրջանակում

24.10.22
Աշնանային աշխատանքային հանդիպումներ և աշխատաժողով Opening Extractives ծրագրի շրջանակում

2022թ. մայիսին Հայաստանում պաշտոնապես մեկնարկած Opening Extractives  ծրագիրը Հայաստանում անցկացրեց հերթական՝ աշնանային փուլը, որը ներառում էր աշխատանքային հանդիպումներ և աշխատաժողով՝ պետական  մարմինների, հասարակական կազմակերպությունների և լրագրողական դաշտի ներկայացուցիչների մասնակցությամբ:

2022թ. հոկտեմբերի 17-ից 22-ը Հայաստանում էին գտնվում Օփեն Օուներշիփ (OpenOwnership) կազմակերպության քաղաքականության գծով տնօրեն Լուիզ Ռասել-Պրիվատան, ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության եվրասիական երկրների համակարգող Օլեսյա Նեխորոշկոն և հաղորդակցության պատասխանատու Նյաշաձամվարի Վերան։

Այցի առաջին երեք օրերին տեղի ունեցան հանդիպումներ լիազոր պետական մարմինների՝ Արդարադատության նախարարության և Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնյաների, ԱՃԹՆ-ի ազգային քարտուղարության, ԱՃԹՆ-ի ազգային զեկույցը մշակող Էրնսթ ընդ Յանգ խարհրդատվական ընկերության թիմի, Համաշխարհային բանկի հանքարդյունահանման գծով համակարգողի, ինչպես նաև բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության խմբակցության անդամների հետ: 

Հանդիպումների ընթացքում հյուրերը հայաստանյան գործընկերների հետ քննարկեցին Հայաստանում Opening Extractives  ծրագրի իրականացման ներկա իրավիճակը, անհրաժեշտ  տեխնիկական և իրավական աջակցություն  տրամադրելու  հնարավորությունները, ինչպես նաև ԱՃԹՆ-ի 2020-21թթ. ազգային զեկույցի կազմման ընթացքը, ԲՇԽ-ի խմբակցությունների գործողությունները՝ ԱՃԹՆ պահանջների իրականացման ուղղությամբ և առաջիկա տարվա ընթացքում նախանշվող աշխատանքները:

Հոկտեմբերի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպել էր «Կանայք իրական շահառուների թափանցիկության գործընթացում» խորագրով «բաց զրույց» ձևաչափով պանելային քննարկում իրական շահառուների (ԻՇ) բարեփոխումն իրականացնող կանանց մասնակցությամբ։ Պանելային քննարկման հյուրերն էին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, ՀՀ ԱՆ նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթևիկ Մկրտչյանը, Արդյունահանող ճյուղերի թափանցիկության ապահովում (Opening Extractives) ծրագրի հաղորդակցության պատասխանատու Նյաշա Վերան, ՀՀ ՎԱ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանը, ՀՀ ՎԱ Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) քարտուղար, հայաստանյան կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանը, իրական շահառուների ոլորտի փորձագետ Անի Վարդերեսյանը:

Ծրագրի շրջանակում հոկտեմբերի 21-22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Օփեն Օուներշիփի և ԱՃԹՆ-ի աջակցությամբ լրագրողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար Աղվերանում անցկացրեց աշխատաժողով «Իրական շահառուների տվյալների օգտագործումը Հայաստանում» թեմայով:

Երկօրյա աշխատաժողովին ուսուցանող նյութերով հանդես եկան Օփեն Օուներշիփ կազմակերպության քաղաքականության գծով տնօրեն Լուիզ Ռասել-Պրիվատան, ԱՃԹՆ հայաստանյան քարտուղարության  ղեկավար Լուսինե Թովմասյանը,  ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի տեղակալ Լալա Ներսիսյանը, «Սիվիլնեթ» անկախ մեդիա հարթակի հետաքննող լրագրողներ Մկրտիչ Կարապետյանը և Անի Գրիգորյանը, «Հետք» լրատվական գործակալության հետաքննող լրագրող Քրիստինե Աղալարյանը։

Աշխատաժողովը հնարավորություն տվեց բոլոր մասնակիցներին զարգացնել իրենց կարողությունները իրական շահառուների տվյալները ընթացիկ լրագրողական հետաքննություններում օգտագործելու գործում, ինչպես նաև իր բնույթով իրազեկման միջոցառում հանդիսացավ Հայաստանում ԱՃԹՆ-ի իրականացման ընթացքը և դրա միջոցով Հայաստանի մետաղական հանքարյունաբերության ոլորտի վերաբերյալ բացահայտվող տվյալները հասկանալու համար: