ԲՇԽ-ի աշխատանքային հանդիպում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում
2021թ. նոյեմբերի 4-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի ունեցավ ԱՃԹՆ-ի ԲՇԽ-ի անդամների աշխատանքային հանդիպում, որի օրակարգում ՇՄԱԳ փորձաքննության գործընթացում համայնքներում հանրային լսումների անցկացման հետ կապված խնդիրների քննարկումն էր: Քննարկման կազմակերպման առիթը ԲՇԽ-ի քաղաքացիական հասարակության խմբակցության կողմից Ուռուտ բնակավայրում և Գլաձոր համայնքում հանրային լսումների հետ կապված հայտարարությունն էր:
Հանդիպմանը մասնակցեցին ԱՃԹՆ-ի Բազմաշահառու խմբի անդամներ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը (ԲՇԽ-ի անդամին փոխարինող), Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանը, «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը, Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետի օգտակար հանածոների հանքավայրերի որոնում և հետախուզում ամբիոնի դոցենտ Սուրեն Ներսիսյանը, «ԱՍՍԱՏ-Մ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արամ Օսիկյանը, «Մեղրաձորգոլդ» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահ Մանվել Եղիազարյանը, Փոխվարչապետ Ս. Պապիկյանի գրասենյակի և ԱՃԹՆ-ի քարտուղարության ներկայացուցիչները:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Շրջակա միջավայրի նախարարության պատասխանատուներ, ինչպես նաև ԲՇԽ-ի քաղ. հասարակության խմբակցության կողմից հրավիրված՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը, Էկոլոգիական իրավունքի մասնագետ Արթուր Գրիգորյանը և ԲՇԽ-ի արդյունահանող ընկերությունների կողմից հրավիրված՝ Գլաձոր համայնքի բնակիչներ Արմեն Ստեփանյանը և Արման Վարդանյանը:
Հանդիպման մասնակից լիազոր մարմինների ներկայացուցիչները անդրադարձան հանրային լսումների վերաբերյալ օրենսդրական կարգավորումներին, պարզաբանեցին իրավական առանձին դրույթներ և նշեցին, որ ԲՇԽ-ի քաղաքացիական հասարակության խմբակցության հայտարարության մեջ նկարագրվող մասնավոր դեպքում հանքարդյունաբերական ծրագիրը ներկայացրած նախաձեռնող խմբի հանրային լսումներ անցկացնելու գործողությունները իրավաչափ են եղել: Քննարկման այլ մասնակիցները իրենց դիրքորոշումը հայտնեցին խնդրի գլոբալ կարգավորման ոլորտում փոփոխությունների անհրաժեշտության, ինչպես նաև այն հանգամանքի վերաբերյալ, որ տարբեր շահագրգիռ խմբեր ներկայացնող տեսակետները անհրաժեշտ է ներառել ներկայումս քննարկման և մշակման փուլում գտնվող Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման ռազմավարության նոր փաստաթղթում:
Հանդիպման արդյունքներով կազմվեց արձանագրություն, որով քննարկման մասնակիցները որոշեցին 15-օրյա ժամկետում ԱՃԹՆ-ի քարտուղարություն ներկայացնել քննարկված խնդիրների վերաբերյալ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների փաթեթ: