Հայաստանն ու Լատվիան դարձել են այն երկրները, որոնք առաջինն են տվյալներ հրապարակել Իրական սեփականության տվյալների ստանդարտին (BODS) համապատասխան
2021թ. սեպտեմբեր ամսին միջազգային Open Ownership կազմակերպության կայքում ակնարկ է հրապարակվել իրական սեփականության թափանցիկության ոլորտում առաջատար հանդիսացող երկրների մասին: Ստորև հատվածաբար ներկայացնում ենք նշված ակնարկը.
«Հայաստանն ու Լատվիան այն երկրներն են, որոնք առաջինն են տվյալներ հրապարակել Իրական սեփականության տվյալների ստանդարտին՝ BODS-ին համապատասխան:
Այդ Ստանդարտը սահմանում է իրական սեփականության վերաբերյալ տվյալների հավաքագրման և հրապարակման շրջանակը, որի շնորհիվ դրանք դառնում են փոխգործածելի, բարձր որակի և հեշտությամբ կարող են վերաօգտագործվել:
Սկզբնական շեշտը դնելով արդյունահանող ճյուղերի ընկերությունների վրա՝ Հայաստանը սկսեց իրական սեփականության վերաբերյալ BODS-ին համապատասխան տվյալներ հրապարակել իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրում (տես օրինակը): Արդեն հաջորդ տարվա սկզբից իրական սեփականության թափանցիկության ապահովման այս միջոցառումները երկրում կտարածվեն նաև այլ ոլորտներում գործող ընկերությունների վրա:
Հայաստանի հանրային ռեգիստրը օգտագործում է նաև Իրական սեփականության վիզուալիզացիայի Open Ownership-ի կողմից ստեղծված բաց աղբյուրով համակարգը՝ Ստանդարտին համապատասխան հայտարարագրեր հրապարակող ընկերությունների իրական սեփականության կառուցվածքները պարզ ու հասկանալի տեսողական պատկերներով ներկայացնելու համար:
Լատվիան կիրառում է BODS-ը տնտեսության բոլոր ճյուղերի իրական շահառուների բացահայտումների համար և ըստ դրա տվյալներ է հրապարակում Լատվիայի Ձեռնարկությունների ռեգիստրի կողմից:
Open Ownership կազմակերպության գործադիր տնօրեն Թոմ Թաունսենդը նշում է.
«Ֆանտաստիկ է տեսնել, թե ինչպես են Հայաստանն ու Լատվիան թափանցիկության ոլորտում միջազգային առաջատարներ դառնում՝ հրապարակելով տվյալներ Open Ownership-ի ստանդարտին համապատասխան:»
Ակնարկի հետ ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ։