Հաստատվել է Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի նոր ձևը

01.09.21
Հաստատվել է Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի նոր ձևը

2021թ. օգոստոսի 30-ին ընդունվել է ՀՀ արդարադատության նախարարի  «Իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ձևը, դրա լրացման, ներկայացման և իրական շահառուների վերաբերյալ գործակալություն ներկայացված վերջին հայտարարագրի հաստատման կարգը, իրական շահառուների բացահայտման համարժեք չափանիշներով կարգավորվող շուկաների ցանկը սահմանելու, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի փետրվարի 5-ի N 36-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 416-Ն հրամանը: 2021թ. սեպտեմբերի 1-ից իրական շահառուների հայտարարագրերը կներկայացվեն արդեն համաձայն այս հրամանի:

Հիշեցնենք, որ 2021թ. հունիսի 3-ին ընդունվել էր օրենքների փաթեթը, որով միասնականացվել են «իրական սեփականատեր» և «իրական շահառու» հասկացությունները՝ առաջարկելով բոլոր դեպքերում կիրառել «իրական շահառու» (ԻՇ) հասկացությունը՝ միասնական չափանիշներով։ 

2021թ. սեպտեմբերի 1-ից ընդլայնվում է իրական շահառուների բացահայտման պարտավորություն ունեցող կազմակերպությունների շրջանակը: Մետաղական հանքարդունաբերության և էներգետիկայի ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններին միանում են հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող, ինչպես նաև տեսալսողական մեդիածառայություն մատուցող կազմակերպությունները՝ որպես իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձինք: Նոր ոլորտների կազմակերպությունները հայտարարագրերը պետք է ներկայացնեն 2-ամսյա ժամկետում:

2020 թվականից իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների համար նոր կարգով էական փոփոխություններ չեն կատարվել, այս ընկերությունների համար պահպանվելու են այլ ոլորտների համար սահմանված չափանիշներից խիստ չափանիշներ (փոփոխությունների ուղեցույց):

2021 թվականի սեպտեմբերի 1-ից հետո, եթե մետաղական հանքարդյունաբերության ոլորտում գործող կազմակերպության իրական շահառուների վերաբերյալ կան փոփոխություններ, ապա կազմակերպությունը փոփոխված տվյալներով հայտարարագիրը ներկայացնելու է՝ առաջնորդվելով նոր կարգով:

Եթե կազմակերպության իրական շահառուների վերաբերյալ տվյալներում փոփոխություններ չկան, ապա նոր կարգով հայտարարագիրը կներկայացվի մինչև 2022թ. փետրվարի 20-ը՝ ամենամյա հայտարարագիրը ներկայացնելու ժամանակ: 

Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում Իրական շահառուների բացահայտման կարգավորումները սահմանող իրավական ակտերը։