Կառավարությունն առաջարկում է ռոյալթիների 2 տոկոսն ուղղել ազդակիր համայնքներին
Այսօր ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթը, որով առաջարկվում է ընդերքօգտագործողների կողմից վճարվող ռոյալթիի 2 տոկոսը փոխանցել ազդակիր համայնքներին (ՀՀ կառավարության 12.08.2021թ. նիստի հարց 15):
Համայնքներին մասհանված միջոցների շնորհիվ կիրականացվեն համայնքային կայուն զարգացման ծրագրեր, որոնք կնպաստեն ազդակիր համայնքների զարգացմանը՝ ենթակառուցվածքների, կրթության, առողջապահության, աշխատատեղերի ստեղծման և այլ առաջնային ոլորտների ֆինանսավորումը որոշ չափով ավելացնելու միջոցով։
Պետական բյուջե վճարված ռոյալթիի 2 տոկոսից մասհանումները բաշխվելու են տվյալ հանքարդյունահանող ընկերության հանքի ազդակիր համայնքների և Հայաստանի Հանրապետությունում ռոյալթի վճարող այլ հանքարդյունահանող ընկերությունների կողմից շահագործվող հանքերի ազդակիր համայնքների միջև` 50/50 հարաբերակցությամբ։ Մասհանումների չափերը որոշելիս հիմք է ընդունվելու նախորդ տարվա հունվարի 20-ի դրությամբ առաջիկա բյուջետային տարվան նախորդող երրորդ տարվա ռոյալթիի հարկային հաշվարկների հիման վրա հաշվարկված ռոյալթիի գումարների տվյալները:
Կապահովվի նաև մասհանումների ծախերի հաշվետվողականությունը և թափանցիկությունը։
Համայնքի ավագանին է հաստատելու ռոյալթիներից գոյացած գումարների ծախսման ծրագրերը և վերահսկելու դրանց իրականացումը։ Համայնքերը նաև մասհանումների ծախսերի և իրականացված ծրագրերի մասով հաշվետվություններ պետք է հրապարակեն համայնքի կամ մարզի մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքում։
Հայաստանի ԱՃԹՆ-ի զեկույցներով հրապարակված տվյալներով՝ 2016-2019թթ. ՀՀ պետական բյուջե է վճարվել (հաշվարկվել) համապատասխանաբար 23.5 մլրդ, 37.6մլրդ, 34.6մլրդ և 37.4մլրդ ՀՀ դրամի ռոյալթի։ Հետևաբար, ազդակիր համայնքերի միջև կբաշխվի մոտավորապես 700-800 մլն ՀՀ դրամի չափով գումար, իսկ մետաղների գների աճի պահպանման պայմաններում, հաշվարկվող ռոյալթին, հետևապես նաև մասհանվող գումարները նույնպես կաճեն։
Ազգային ժողովի կողմից օրենքների փաթեթի ընդունման դեպքում այն ուժի մեջ է կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից։