Կայացավ Հայաստանի ԱՃԹՆ-ի 2021թ. տարեկան համաժողովը

23.07.21
Կայացավ Հայաստանի ԱՃԹՆ-ի 2021թ. տարեկան համաժողովը

2021թ. հուլիսի 23-ին Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի ԱՃԹՆ-ի 2019թ. ազգային զեկույցի և իրական սեփականատերերի հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներկայացման համաժողովը։

Համաժողովին մասնակցում էին ՀՀ կառավարության, հանքարդյունահանող կազմակերպությունների,  քաղաքացիական հասարակության, ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության, միջազգային գործընկեր կազմակերպությունների մոտ 100 ներկայացուցիչներ:  Համաժողովը հեռարձակվում էր նաև Zoom հարթակի միջոցով՝ բոլոր ցանկացողների համար ապահովելով համաժողովին հեռահար հետևելու և մասնակցելու հնարավորությունը:

Համաժողովը կազմված էր երկու մասից, որոնցից յուրաքանչյուրի վերջում անցկացվեց թեմատիկ պանելային քննարկում։

Համաժողովի առաջին մասում ներկայացվեց իրական սեփականատերերի հայտարարագրման էլեկտրոնային համակարգը և դրա դերն ու նշանակությունը հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության և վերահսկողության տեսանկյունից:

Համաժողովի երկրորդ մասը նվիրված էր Հայաստանի ԱՃԹՆ-ի 2019թ. 3-րդ ազգային զեկույցում արտացոլված  տեղեկատվության ներկայացմանը, որի ժամանակ Անկախ ադմինիստրատոր Գրանթ Թորնթոն ընկերությունը ներկաների համար բացահայտեց 2019թ. Հայաստանում ընդերքօգտագործման թույլտվություն ունեցող ընկերությունները, ոլորտի տարեկան արտադրանքի և արտահանման ծավալը, ոլորտից պետական բյուջե ուղղվող եկամուտները, դրանց  վերաբաշխումը,  ոլորտի ներդրումը ՀՀ տնտեսության մեջ:

Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, որն ասաց, թե Արդարադատության նախարարության համար իրական շահառուների բացահայտման ինստիտուտի ներդրումը հակակառուպցիոն ռազմավարության կարևոր միջոցառումներից մեկն է, որի համար ծավալուն օրենսդրական փոփոխություններ են իրականացվել: Սուրեն Գրիգորյանը նշեց, որ իրավաբանական անձանց իրական շահառուների հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներդրման համար հիմք է հանդիսացել ԱՃԹՆ-ի շրջանակներում ընդերքօգտագործող ընկերությունների իրական սեփականատերերին բացահայտելու մեկնարկային ծրագիրը և դրա գործարկման ընթացքում ձեռք բերված փորձառությունը:

Հաջորդը ողջույնի խոսքով հանդես եկավ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը, որը նշեց, թե ԱՃԹՆ-ի ներդրման շնորհիվ մետաղական հանքարդյունաբերության ոլորտը դարձել է բարեփոխումների առաջամարտիկ և խոսեց ԱՃԹՆ-ի միջազգային խորհրդի կողմից ԱՃԹՆ-ի ներդրման գործում Հայաստանին շնորհված բարձրագույն գնահատականների մասին, ինչը, Լիլիա Շուշանյանի կարծիքով՝ 3 տարի առաջ նախանշված նպատակների  իրագործման մասին է վկայում:

Մասնակիցներին ողջունեց նաև ԱՃԹՆ քարտուղարության ավագ խորհրդատու Մարկ Բըրնեթը, որն ընդգծեց, թե Հայաստանը միշտ դիտարկվում է որպես ԱՃԹՆ-ի ներդրման լավագույն փորձ ունեցող երկիր, և այդ արդյունքը ձեռք է բերվել հայաստանյան կողմի լուրջ աշխատանքի և շարունակական ջանքերի շնորհիվ, իսկ գոյություն ունեցող ԱՃԹՆ հաշվետվությունների առցանց հարթակը, ընդերքօգտագործման պայմանագրերի հրապարակումը և իրական սեփականատերերի հայտարարագրման էլեկտրոնային համակարգը լավագույն հնարավորություններն են ընձեռնում Հայաստանին՝ դառնալու համակարգված բացահայտումների գործելաոճ որդեգրած երկիր:

Ելույթ ունեցավ նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը, որը հատկապես ընդգծեց ԱՃԹՆ-ի ներդրման շնորհիվ «կեղծ տեղեկությունները» բացառելու հնարավորությունների, ինչպես նաև գործընթացին շարունակաբար աջակցելու ՀԲ-ի պատրաստակամության մասին: 

ԱՃԹՆ-ի հայաստանյան քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանը և Արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Անի Վարդերեսյանը ներկայացրեցին իրական սեփականատերերի բացահայտման՝ 2017 թվականից մեկնարկած գործընթացը, մինչ այժմ արձանագրած արդյունքները, ինչպես նաև 2021 թվականի հունիսին Ազգային ժողովի կողմից ընդունված նոր իրավական կարգավորումները, որոնցով ընդլայնվում և բարեփոխվում է իրական շահառուների (սեփականատերերի) հայտարարագրման գործընթացը։

VXSoft ընկերությունից Վահագն Մխիթարյանը և Լուսինե Իսակովան ներկայացրեցին իրական սեփականատերերի հայտարարագրման էլեկտրոնային համակարգը, որի միջոցով արդեն 2021թ. մարտից ընկերությունները ներկայացնում են իրական սեփականատերերի վերաբերյալ էլեկտրոնային հայտարարագրեր։ Համակարգը ստեղծողները պատմեցին նաև էլեկտրոնային համակարգի՝ որոշ տվյալների ճշտությունը ինքնաշխատ ստուգելու հնարավորությունների մասին։

Համաժողովի առաջին պանելային քննարկմանը մասնակցեցին Արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Անի Վարդերեսյանը, OpenOwnership իրական սեփականատերերի գլոբալ ռեգիստրի ներկայացուցիչ Փիթեր Լոուն, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, Սիվիլնեթի հետաքննող լրագրող Մկրտիչ Կարապետյանը: Պանելի թեման էր՝ «Իրական սեփականատերերի բացահայտումը, որպես հակակոռուպցիոն գործիք. հնարավորություններն ու մարտահրավերները»։

Համաժողովի 2-րդ մասում Գրանթ Թորնթոն աուդիտորական ընկերության թիմը, որը կազմել է Հայաստանի 3-րդ՝ 2019թ. ազգային զեկույցը, ամփոփ ներկայացրեց, թե ընթերցողն ինչ տեղեկատվություն կարող է գտնել ԱՃԹՆ-ի ազգային զեկույցում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության մասին։ Ներկայացվեցին նաև անկախ ադմինիստրատորի առաջարկություններն առաջիկա զեկույցների կազմման և տվյալների հրապարակման գործընթացը բարելավելու վերաբերյալ։ 

Երկրորդ պանելային քննարկմանը մասնակցեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, ԲՇԽ անդամ Լիլիա Շուշանյանը, ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության  Ասիայի թիմի ավագ խորհրդատու Մարկ Բըրնեթը (առցանց), «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ նախագահ, ԲՇԽ անդամ Օլեգ Դուլգարյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետ, ԲՇԽ-ի այլընտրանքային անդամ Վիկտորյա Բուռնազյանը, Համաշխարհային բանկի հանքարդյունաբերության կառավարման փորձագետ Նարինե Թադևոսյանը: Երկրորդ պանելի թեման էր՝ «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկությունը, որպես ոլորտի լավ կառավարման կարևոր նախապայման»։

Հայաստանի ԱՃԹՆ-ի երրորդ ազգային զեկույցի պատրաստումն ու իրական սեփականատերերի հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ստեղծումը իրականացվել է Համաշխարհային բանկի «Աջակցություն Հայաստանի ԱՃԹՆ-ին» դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ: