ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարություն. Արդյունահանող ընկերությունները առաջնորդում են հարկային թափանցիկության գործընթացը
ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարությունը հետաքրքիր նորություն է հրապարակել՝ կապված «երկիր առ երկիր» (country-by-country) հաշվետվությունների հրապարակումների հետ:
Բանն այն է, որ ԱՃԹՆ-ին աջակցող որոշ անդրազգային ընկերություններ, որոնց թվում՝ Shell-ը, Eni-ն, BHP-ն, Repsol-ը և Rio Tinto- ն, առավել թափանցիկություն ապահովելու նպատակով որոշել են հրապարակել այսպես կոչված՝ «երկիր առ երկիր» հաշվետվություններ, որոնք ներկայացնում են այդ ընկերությունների տնտեսական գործունեությունը ըստ այն երկրների, որտեղ վերջիններս ներկայություն ունեն և գործունեություն են ծավալում: Նման հաշվետվություններ հրապարակելու պարտավորություն ունեն նաև ԵՄ-ում, Կանադայում և Նորվեգիայում տեղակայված արդյունահանող ընկերությունները:
Նոր հաշվետվությունը եկամուտների, շահույթների կամ վնասների, զբաղվածության, ակտիվների և կապիտալի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն է տրամադրում՝ գործունեության յուրաքանչյուր երկրի գծով: Յուրաքանչյուր երկրի համար ընկերության տնտեսական գործունեության վերաբերյալ այս տեղեկատվությունը օգնում է դիտարկել կատարված վճարումների մակարդակը որոշակի ենթատեքստում: Զեկույցները նաև տեղեկություն են տալիս ցածր հարկային յուրիսդիկցիա ունեցող երկրներում ընկերության ներկայության մասին:
Այսպիսով, միջազգային խոշորագույն ընկերությունները ընդլայնում են թափանցիկության շրջանակները և ազդում դրա նորմերի վրա: «Երկիր առ երկիր» հաշվետվությունները առաջիններից մեկը հրապարակած Shell ընկերության ներկայացուցիչը ընդգծել է այն միտքը, որ ըստ երկրների հաշվետվություններ կազմելու պրակտիկան կարող է առաջ մղել հարկային թափանցիկության վերաբերյալ այլ ընկերությունների հետ գլոբալ քննարկումը և բարելավել արդար, արդյունավետ և կայուն հարկային վարչարարությունը, որից կշահի ողջ հանրությունը:
Հոդվածում նշվում է, որ Հայաստանը այն երկրների ցանկում է, որտեղ ԱՃԹՆ-ի շրջանակում բոլոր մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունների կողմից հարկերի և վճարումների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը պարտադիր օրենսդրական պահանջ է:
Հոդվածի մանրամասներին կարելի ծանոթանալ այստեղ: