2020թ. մարտի 6-8-ը Դիլիջանում անցկացվեց «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ֆիսկալ ռեժիմը և ֆինանսական հոսքերի թափանցիկության ԱՃԹՆ-ի պահանջները» խորագրով դասընթաց

09.03.20
2020թ. մարտի 6-8-ը Դիլիջանում անցկացվեց  «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ֆիսկալ ռեժիմը և ֆինանսական հոսքերի թափանցիկության ԱՃԹՆ-ի պահանջները» խորագրով  դասընթաց

Հայաստանի ԱՃԹՆ-ի քարտուղարությունը՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ ս.թ. մարտի 6-8-ը Դիլիջանում կազմակերպել էր «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ֆիսկալ ռեժիմը և ֆինանսական հոսքերի թափանցիկության ԱՃԹՆ-ի պահանջները» խորագրով դասընթաց:

Դասընթացը նախատեսված էր   ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի անդամների և  հանքարդյունաբերության ոլորտի  շահառու գերատեսչությունների և կազմակերպությունների պատասխանատու աշխատակիցների համար: Դասընթացին մասնակցեցին  ՀՀ Հաշվեքննիչ պալատի, Պետական եկամուտների կոմիտեի, Շրջակա միջավայրի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ֆինանսների նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Հայաստանի ԱՃԹՆ-ի քարտուղարության, Համաշխարհային բանկի 28 ներկայացուցիչ:  

Դասընթացը վարեցին «Զեթ Քոնսալթինգ» ՓԲԸ և «Ավենյու Քոնսալթինգ Գրուպ» ՍՊԸ խորհրդատվական ընկերությունների խորհրդատուները:

Դասընթացի եռօրյա օրակարգը ընդգրկում էր հետևյալ թեմաները՝

  • ԱՃԹՆ-ի համաշխարհային ստանդարտի իրականացումը Հայաստանում
  • ԱՃԹՆ-ի միջոցով մետաղական հանքարդյունաբերության ոլորտից հրապարակվող ֆինանսական հոսքերը
  • Մետաղական հանքարդյունաբերության ոլորտի հիմնական հարկատեսակները և վճարները, ֆինանսական հոսքերի ձևավորման մեխանիզմները
  • Ոլորտի շահութաբերության վրա ազդող գործոնները
  • Մետաղների գների կանխատեսումը և դրա միջոցով առաջիկա տարիներին ոլորտից պետության եկամուտները գնահատելու հնարավորությունը
  • Հանքարդյունահանող ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի վճարման նպատակները և հաշվարկման ու վճարման ռեժիմը,
  • Մասհանումների կատարման, համայնքների ու իրականացվելիք բնապահպանական ու առողջապահական ծրագրերի ընտրության մեթոդաբանությունը,
  • Շրջական միջավայրի պահպանության դրամագլխի և ֆինանսական երաշխիքների մեխանիզմների վերանայման հնարավորությունները
  • Ոլորտից պետական եկամուտների աճը, դրա վրա ազդող գործոնները
  • Տրանսֆերային գնագոյացման մեխանիզմի ներդրումը

Վերը նշված և այլ թեմաների շուրջը տեղի ունեցավ ակտիվ երկխոսություն՝ կարծիքների ներկայացում և հանքարդյունաբերության ոլորտի ֆիսկալ քաղաքականության շուրջ քննարկումներ:

Դասընթացի եզրափակման ժամանակ  մասնակիցները նշեցին, որ  դասընթացը շատ արդյունավետ ու կարևոր էր  Հայաստանում ԱՃԹՆ-ի համաշխարհային ստանդարտի իրականացման հետագա ընթացքի համար, ինչպես նաև հույս հայտնեցին, որ նմանատիպ քննարկումները կկրեն պարբերական բնույթ:

 

Ուսումնասիրությունն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Աջակցություն գլոբալ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրականացմանը Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Հանրային վարչարարության բարեփոխումներ Արևելյան գործընկերության երկրներում»  նախաձեռնությամբ։