Կայացավ բազմաշահառու խմբի հերթական նիստը

31.07.18
Կայացավ բազմաշահառու խմբի հերթական նիստը

2018 թվականի հուլիսի 31-ին տեղի ունեցավ ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի նիստ, որի ընթացքում ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի անդամները հաստատեցին ԱՃԹՆ-ի ներդրման աշխատանքների 2018 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների հաշվետվությունները, ՀՀ ԱՃԹՆ-ի հանրային հաղորդակցության ռազմավարությունը, ինչպես նաև իրական սեփականատերերի բացահայտման միջգերատեսչական աշխատանքային խմբի և քարտուղարության կողմից մշակված օրենքների նախագծերի փաթեթը: Հայտարարվեց, որ, սահմանված կարգով փաթեթը շրջանառվելու է և ներկայացվելու է կառավարությանը:

Արարատ Միրզոյանը, որպես ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի նախագահը և նիստը նախագահող, ողջունեց նիստի մասնակիցներին և ներկայացրեց բազմաշահառու խմբի նոր անդամներին՝ ԲՇԽ-ի կառավարության խմբակցությունը ներկայացնող Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանին, Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանին, Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողասյանին՝ որպես այլընտրանքային անդամ, ԲՇԽ-ի արդյունահանող  ընկերությունների խմբակցության այլընտրանքային անդամներ «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արամ Օսիկյանին,        Գեոէկոնոմիկա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրանիկ Աղաբալյանին, «Թեղուտ» ՓԲԸ-ի  գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Թադևոսյանին և «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահ Մանվել Եղիազարյանին: Բազմաշահառու խմբի կազմը հաստատվել է ՀՀ վարչապետի 2018թ. հուլիսի 16-ի N 960-Ա որոշմամբ: Շեշտվեց, որ ԲՇԽ-ի քաղաքացիական հասարակության խմբակցությունը պետք է ընտրի և ներկայացնի խմբի 5-րդ անդամի թեկնածությունը:

Հայտարարվեց, որ ի պատասխան ԲՇԽ-ի կողմից ԱՃԹՆ-ի խորհուրդ ներկայացված՝ Հայաստանի ԱՃԹՆ-ի առաջին զեկույցի հրապարակման ժամկետի հետաձգման հայցի՝ ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարությունը ուղարկել է ԱՃԹՆ-ի խորհրդի որոշումը զեկույցի հրապարակումը մինչև 2019 թվականի մարտի 9-ը հետաձգելու որոշման մասին:  Այնուամենայնիվ, ԲՇԽ-ն որոշում է կայացրել Հայաստանի առաջին զեկույցը հրապարակել մինչև 2018 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսները:

Ներկայացվեց, որ Համաշխարհային բանկի՝ Աջացություն Հայաստանում ԱՃԹՆ-ի ներդրմանը դրամաշնորհային ծրագրի շրջանակում անցկացած մրցույթի արդյունքում ԲՇԽ-ի խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված գնահատող հանձնաժողովի կողմից ընտրվել, ապա ԲՇԽ-ի կողմից էլեկտրոնային եղանակով հաստատվել է աուդիտորական կազմակերպությունը (այսուհետ՝ անկախ ադմինիստրատոր): Հայաստանի առաջին ԱՃԹՆ-ի զեկույցը կազմելու է «Էրնսթ Ընդ Յանգ» աուդիտորական ընկերությունը, որի ներկայացուցիչները տեղեկացրին, որ ԱՃԹՆ-ի զեկույցի կազման աշխատանքները արդեն սկսվել են: 

Նիստին քննարկված հարցերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ նիստի արձանագրությունից