Ընդերքօգտագործողի կողմից համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված պարտավորությունները
Հանքարդյունահանողների կողմից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունները սահմանվում են ընդերքօգտագործման պայմանագերում, որպես առանձին հավելված։ Ներկայումս միայն 14 մետաղական հանքաքար արդյունահանող ընկերության ընդերքօգտագործման պայմանագրերում են սահմանված նման պարտավորություններ։
ԱՃԹՆ-ի միջոցով 2018 թվականից հասանելի են ընկերությունների ընդեքօգտագործման պայմանագրերը։
Ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող ԱՃԹՆ-ի հրապարակային հաշվետվություններում ընկերությունները «Ընդերքօգտագործողի սոցիալ-տնտեսական ներդրումը համայնքին» բաժնում ներկայացնում են ընդերքօգտագործողի հանքարդյունահանման պայմանագրով սահմանված համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված պարտավորությունները, մասնավորապես, պարտավորության անվանումը, ֆինանսական պարտավորության դեպքում՝ ներդրման չափը, իսկ ոչ ֆինանսական պարտավորության դեպքում՝ ապրանքը կամ ծառայությունը (ծրագիրը) և դրա արժեքային գնահատականը, ինչպես նաև, թե որ համայնքին է ուղղված եղել պարտավորությունը։ Իսկ ըստ համայնքի ղեկավարի կողմից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրվող ԱՃԹՆ-ի հրապարակային հաշվետվության ձևի՝ համայնքները սոցիալ-տնտեսական ներդրման բաժնում ներկայացնում են ընկերությունների կողմից ֆինանսական ներդրման դեպքում՝ վճարված գումարը համայնքին, վճարման ամսաթիվը (յուրաքանչյուր վճարման համար), վճարումը հավաստող փաստաթղթի համարը, ոչ ֆինանսականի դեպքում՝ ապրանքը կամ ծառայությունը, ինչպես նաև, թե որ համայնքին են ուղղված եղել համապատասխան ներդրումները։
Ընկերությունների կողմից իրականացված սոցիալ-տնտեսական պարտավորությունների մասին տվյալները հասանելի են ԱՃԹՆ-ի զեկույցում, ինչպես նաև ընկերությունների և համայքների հրապարակային հաշվետվություններում։
Ստանդարտի 6․1-րդ պահանջի կատարումը ամրապնդելու նպատակով ԲՇԽ-ի առաջարկությամբ` այն հանքարդյունահանող ընկերությունները, որոնց ընդերքօգտագործման պայմանագրերում սահմանված են սոցիալ-տնտեսական պարտավորություններ, ներկայացրել են ընդերքօգտագործման պայմանագրերի հավելված 3-ով սահմանված համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների առնչությամբ ֆինանսական և ոչ ֆինանսական ներդրումների մասին լրացուցիչ տեղեկատվություն։ 2016-2018թթ․ պարտադիր ոչ ֆինանսական յուրաքանչյուր ներդրման (ապրանք, ծառայություն, ծրագիր) նկարագրությունը դարձել է ավելի ամբողջական, լրացվել են առկա բացերը, ներկայացվել են 2016-2018 թվականներին համայնքներում կատարված պարտադիր (պայմանագրերով նախատեսված) ֆինանսական և ոչ ֆինանսական յուրաքանչյուր ներդրման կոնկրետ շահառուի անվանումը, օրինակ՝ տեղական ինքնակառավարման մարմին, երրորդ անձ՝ հստակ նշելով անվանումը։ Համապատասխան համայնքներից ճշտվել են ընկերությունների և համայնքների ներկայացրած հաշվետվություններում ներկայացված տվյալների որոշ տարբերություններ։
Ներկայումս համայքները հնարավություն չունեն տրամադրելու ոչ ֆինասական (ապրանք, ծառայություն, ծրագիր) ներդրումների նկարագրությունը, եթե դրանք տրամադրվել են երրորդ կողմին, քանի որ ընկերությունները փաստաթղթերը չեն ներկայացնում համայնքապետարաններ։
2016-2018թթ․ փաստացի կատարված պարտադիր ֆինանսական և ոչ ֆինանսական պարտավորությունների վերբերյալ լրացուցիչ տեղեկատվություն
Բազմաշահառու խումբը որոշել է նաև, որ 2019թ․ ԱՃԹՆ-ի զեկույցի շրջանակում էական կհամարվեն և կհամադրվեն այն եկամտային հոսքերը, որոնց մասնաբաժինը արդյունահանվող ճյուղերից ստացվող եկամտային ընդհանուր հոսքերում կազմում է 1% և ավելի: Վերաբերելի ֆինանսական հոսքերում պետք է դիտարկել նաև օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման Հանքարդյունահանման պայմանագրով սահմանված՝ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված պարտավորությունները։ Այս դեպքում պետք է համադրվեն փաստացի դրամական վճարումերը։ Համադրումը չի կարող իրականացվել ոչ ֆինանսական պարտավորությունների դեպքում, քանի որ դրանց դրամական գնահատականը (ինքնարժեքը) ներկայացվում է միայն ընկերությունների կողմից։ Սակայն այն դեպքում, երբ ընկերության կողմից ներկայացված դրամական գնահատականը գերազանցում է սահմանված էականության շեմը, ապա Անկախ ադմինիստրատորը անհրաժեշտության դեպքում պետք է ստացված ոչ ֆինասական ներդրման (ապրանքի և/կամ ծառայության) վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանա ապրանքը կամ ծառայությունը ստացած համայնքից և այն ներկայացնի զեկույցում։