Ո՞վ է իրական շահառուն. Ազգային ժողովը ընդունել է Հայաստանում իրական շահառուների բացահայտման նոր կարգավորումների օրենսդրական փաթեթը
2021թ. հունիսի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ընդունել է օրենքների փաթեթ, որով ընդլայնվում է իրական շահառուների բացահայտման պարտավորություն ունեցող կազմակերպությունների շրջանակը: Այսպես.
2021թ. սեպտեմբերի 1-ից ներկայումս իրական սեփականատերերի (շահառուների) վերաբերյալ հայտարարագրերի ներկայացման պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց կմիանան hանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող, ինչպես նաև տեսալսողական մեդիածառայություն մատուցող իրավաբանական անձինք: Մյուս բոլոր իրավաբանական անձանց համար, բացառությամբ միայն ֆիզիկական անձ մասնակիցներ ունեցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, պարտավորությունը կգործի 2022 թվականի հունվարի 1-ից, իսկ միայն ֆիզիկական անձ մասնակիցներ ունեցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների և ոչ առևտրային կազմակերպությունների համար՝ 2023 թվականի հունվարի 1-ից: Նոր կարգավորումներով Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց համար սահմանված են բացառություններ:
Ընդունված օրենքների փաթեթով միասնականացվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված «իրական շահառու» և ԱՃԹՆ-ի շրջանակում ներդրված և 2020 թվականից կիրառվող՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում սահմանված «իրական սեփականատեր» հասկացությունները՝ առաջարկելով բոլոր դեպքերում կիրառել «իրական շահառու» (ԻՇ) հասկացությունը՝ միասնական չափանիշներով։
Միևնույն ժամանակ, համաձայն ԱՃԹՆ-ի ստանդարտի պահանջների և Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի որոշումների՝ ընդերքօգտագործման ոլորտում պահպանվել են իրական շահառուների բացահայտման՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով նախատեսված չափանիշներից խիստ չափանիշներ:
Նոր օրենքների փաթեթով ընդերքօգտագործման ոլորտում ևս կատարվել են որոշակի փոփոխություններ, որոնց նպատակն է արձանագրված բացերի վերացումը, կարգավորումների՝ միջազգային պահանջներին համապատասխանեցումը, տվյալների արժանահավատության մեխանիզմների ապահովումը, հայտարարագրերի ներկայացման բիզնես գործընթացի բարելավումը:
ԻՇ վերաբերյալ հայտարարագրերի ներկայացման պարտավորություն ունեցող ընդերքօգտագործողների համար ԱՃԹՆ-ի հայաստանյան քարտուղարությունը պատրաստել է նոր օրենսդրական փոփոխությունները ներկայացնող ուղեցույց:
Ընդունված օրենքները հասանելի են այստեղ:
Նոր պահանջները ընդերքօգտագործողների համար ուժի մեջ են մտնում 2021թ. սեպտեմբերի 1-ից: Ընդ որում, եթե 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հետո կազմակերպության իրական շահառուների վերաբերյալ լինեն փոփոխություններ, ապա ընդերքօգտագործողը փոփոխված տվյալներով հայտարարագիրը ներկայացնելու է՝ առաջնորդվելով նոր կարգով: Եթե կազմակերպության իրական շահառուների վերաբերյալ տվյալներում փոփոխություններ չկան, ապա նոր կարգով հայտարարագիրը կներկայացվի մինչև 2022թ. փետրվարի 20-ը՝ ամենամյա հայտարարագիրը ներկայացնելու ժամանակ:
Գլխադիր նկարը՝ Unsplash-ից