Գործադիրը հավանության արժանացրեց Հայաստանում իրական շահառուների բացահայտման օրենքների փաթեթը
Այսօր, ապրիլի 22-ին կայացած ՀՀ կառավարության նիստին հավանության է արժանացել օրենքների նախագծերի փաթեթը (հարց 42), որով առաջարկվում է ընդլայնել Հայաստանում իրական շահառուների բացահայտման պարտավորություն ունեցող կազմակերպությունների շրջանակը: Հավանության արժանացած փաթեթը կառավարության կողմից ճանաչվել է անհետաձգելի:
Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում, «Էներգետիկայի մասին» օրենքում, «Գնումների մասին» օրենքում, ՀՀ քրեական օրենսգրքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում։
Փաթեթով միասնականացվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված «իրական շահառու» և ԱՃԹՆ-ի շրջանակում ներդրված և 2020 թվականից կիրառվող՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում սահմանված «իրական սեփականատեր» հասկացությունները՝ առաջարկելով բոլոր դեպքերում կիրառել «իրական շահառու» (ԻՇ) հասկացությունը՝ միասնական չափանիշներով։ Միաժամանակ, մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության կամ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող կամ այդպիսի իրավունք հայցող իրավաբանական անձանց համար պահպանվում են գործող՝ «իրական սեփականատեր» համարվելու ավելի խիստ հիմքերը և բացահայտումների պահանջները։
ՀՀ կառավարությունը, հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման և Հայաստանի՝ մի շարք միջազգային նախաձեռնությունների հետ համագործակցությամբ ստանձնած հանձնառությունների կատարման շրջանակում, այս օրենսդրական փաթեթով առաջարկում է ընդլայնել Հայաստանում իրական շահառուների բացահայտման շրջանակը։ Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող, ինչպես նաև տեսալսողական մեդիածառայություն մատուցող իրավաբանական անձանց համար իրական շահառուների հայտարարագրման պահանջը առաջարկվում է կիրառել 2021 թվականի սեպտեմբերի 1-ից, մյուս բոլոր իրավաբանական անձանց համար՝ 2022 թվականի հունվարի 1-ից, իսկ միայն ֆիզիկական անձ մասնակիցներ ունեցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների համար՝ 2023 թվականի հունվարի 1-ից:
Փաթեթով առաջարկվող փոփոխությունները լուծում են նաև մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման ոլորտում 2020թ. փետրվարից ներկայացվող իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրերի՝ ԱՃԹՆ-ի շահագրգիռ մասնակիցների կողմից վերլուծությունների արդյունքում արձանագրված որոշ բացերը և միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու խնդիրները։
Այսպես.
- Ցուցակված բաժնետոմսերով առևտրային կազմակերպությունները կներկայացնեն ամբողջական տվյալներ իրական շահառուների վերաբերյալ, եթե իրավաբանական անձի բաժնետոմսերը ցուցակված են այնպիսի կարգավորվող շուկայում, որտեղ իրական շահառուների բացահայտման չափանիշները համարժեք չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված չափանիշներին։
- Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում իրական շահառու կհանդիսանա նաև այն անձը, որը իրավաբանական անձից անհատույց ստացել է հաշվետու տարվան նախորդող տարվա ընթացքում տվյալ իրավաբանական անձի ստացված շահույթի առնվազն 15 տոկոսի չափով օգուտ։ Այժմ գործող օրենքով 15 տոկոսի չափով օգուտը հաշվարկվում է հասույթից։
- Իրավաբանական անձի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումը իրականացնող պաշտոնատար անձը իրական շահառու կհանդիսանա այն դեպքում, եթե այլ հիմքերով ֆիզիկական անձ իրական շահառու չկա:
- ԻՇ հայտարարագիր ներկայացնող բոլոր իրավաբանական անձանց համար ԻՇ հայտարարագրում կեղծ կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելու համար առաջարկվում է ՀՀ վարչական և ՀՀ քրեական օրենսգրքերում սահմանել պատասխանատվություն։
Մինչ այսօրվա կառավարության նիստին այս օրենսդրական փաթեթի ներկայացումը՝ սույն թվականի ապրիլի 2-ին Հայաստանի ԱՃԹՆ-ի քարտուղարությունը ՀՀ արդարադատության նախարարության հետ միասին անցկացրեց տեսազանգ՝ ԱՃԹՆ-ի և ԲԿԳ-ի շահառուներին փաթեթը ներկայացնելու և մասնակիցների դիտարկումները քննարկելու համար: Տեսազանգի ժամանակ ներկայացվեցին փաթեթով առաջարկվող փոփոխությունները, դրանց բնույթը և հիմնավորումները, ինչպես նաև պարզաբանվեցին մասնակիցների կողմից առաջ քաշված հարցադրումները: Գրանցվեցին նաև տեսազանգի մասնակիցների կողմից արտահայտված մի շարք դիտարկումներ, որոնք հնարավորինս արտացոլվել են փաթեթով ներկայացվող իրավական ակտերի վերջնական խմբագրության մեջ:
Գլխադիր նկարը՝ Unsplash-ից