Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի նկարագիր
Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտը երկար պատմություն ունի՝ սկսած տասնութերորդ դարի վերջերից, երբ Լոռու մարզի Ալավերդու շրջանում սկսեցին պղինձ արդյունահանել: Պղինձ հայտնաբերվել է նաև Կապանում Սյունիքի մարզում, որտեղ պղնձի արդյունահանումը սկսեցին տասնիններորդ դարի կեսերին, և այսօր էլ մետաղական օգտակար հանածոների արդյունահանումը հիմնականում կենտրոնացված է այս երկու մարզերում:
Արդյունահանվող հիմնական մետաղական օգտակար հանածոներն են պղինձը, մոլիբդենն ու ոսկին: Հիմնական հանքային պաշարներն են պղինձը, ոսկին, մոլիբդենը և բազմամետաղները (կապար և ցինկ): Ներկա պահին ամենախոշոր հանքը շահագործում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) և գտնվում է Քաջարանում (Սյունիքի մարզ): Սա պղնձամոլիբդենային հանքավայր է, որի շահագործումը սկսվել է 20-րդ դարի կեսերին, իսկ այս պահին այն ապահովում է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ընդհանուր արդյունքի ավելի քան կեսը:
Թեղուտը (պղինձ-մոլիբդենի հանք Լոռու մարզում), որի շահագործումը սկսվել է 2014 թվականին, արտադրության ծավալով Քաջարանի ապահոված ծավալից քիչ է, իսկ մյուսն Ամուլսարն է (ոսկեբեր քվարցիտներ, Վայոց ձորի մարզ)` ցածր պարունակության, խոշոր ծավալների հանքավայր, որն այժմ շինարարության փուլում է: Վերջինիս՝ շահագործման փուլում տարեկան արտադրողականությունը կազմելու է 10 մլն տոննա հանքաքար։ Հանքի շահագործումը տևելու է 10 տարի։
Ընդհանուր առմամբ ներկայումս վավեր է մետաղական օգտակար հանածոների արդյունահանման 28 թույլտվություն: 2016-2017թթ․ ակտիվ գործունեություն են իրականացրել 7 ընկերություններ՝ այն առումով, որ իրականացվել է արտադրություն: Բայցևայնպես, «ակտիվ» ասվածը կարող է շփոթեցնող լինել, քանի որ հանքը, որը դեռևս արտադրական փուլում չի գտնվում, կարող է ունենալ շատ աշխատողներ և, հնարավոր է, որ հայտնվի խոշոր 1000 հարկատուների շարքում, սակայն միևնույն ժամանակ չունենա արտադրության մասով տվյալներ (ինչպես օրինակ Լիադիան Արմենիա ՓԲԸ կողմից շահագործվող Ամուլսարի հանքը)։
Ոչ մետաղական հանքարդյունաբերության ոլորտը նշանակալի է իրականացվող գործառնությունների թվաքանակի առումով (ավելի քան 400 թույլտվություն), սակայն դրանց գերակշռող մեծամասնությունը փոքր քարհանքեր են: Արտադրության ծավալը շատ ավելի փոքր է քան խորհրդային շրջանում էր, քանի որ հիմնականում սպասարկում է շինարարական նյութերի տեղական պահանջարկը, իսկ արտահանումը շատ փոքր ծավալ է կազմում: