CONFERENCE - PRESENTATION OF EITI ARMENIA 2020-2021 NATIONAL REPORT
ՀՀ վարչապետի աշխատակազմի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/ EITI) քարտուղարությունը տեղեկացնում է, որ 2022թ. դեկտեմբերի 22-ին տեղի է ունենալու Հայաստանի ԱՃԹՆ 2020-2021թթ. ազգային զեկույցի ներկայացման համաժողովը:
Համաժողովին հնարավոր է միանալ նաև առցանց։
Համաժողովին Էրնսթ ընդ Յանգ ընկերությունը ներկայացնելու է Հայաստանի ԱՃԹՆ-ի 4-րդ ազգային զեկույցը, որն ամփոփում է Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության 2020-2021 թվականների արդյունքները, այդ թվում, Հայաստանում ընդերքօգտագործման թույլտվություն ունեցող ընկերությունների վերաբերյալ տվյալները, այդ ընդերքօգտագործողների կողմից արտադրված և արտահանված արտադրանքի, պետական բյուջե վճարած եկամուտների, այդ եկամուտների տեղաբաշխման, ՀՀ տնտեսության մեջ ոլորտի ներդրման և ԱՃԹՆ գործընթացի շահառուների վերաբերյալ:
Զեկույցի ներկայացմանը կհաջորդեն երկու պանելային քննարկումներ, որոնց կմասնակցեն ոլորտի պատասխանատու մասնագետներ:
Առաջին քննարկմանը բանախոսները կներկայացնեն հանքարդյունաբերության ոլորտի զարգացման տեսլականի ներքո ոլորտում իրականացվող փոփոխությունների վերաբերյալ իրենց կարծիքներն ու մոտեցումները:
Երկրորդ պանելային քննարկման մասնակիցները ներկայացնելու են իրենց դիտարկումներն ԱՃԹՆ-ի տվյալների օգտագործման և այն որպես հակակոռուպցիոն և հանրային վերահսկողության գործիք ծառայեցնելու վերաբերյալ:
Համաժողովին մասնակցելու են ՀՀ կառավարության, հանքարդյունահանող ընկերությունների, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների, ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության, միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի նպատակն է ներկայացվող հարցերի շուրջ ծավալել կառուցողական քննարկումներ և շահագրգիռ կողմերին և լայն հանրությանը տեղեկացնել Հայաստանում ԱՃԹՆ-ի գործընթացի և դրա ապագա զարգացումների, հանքարդյունաբերության ոլորտի գործունեության տարեկան արդյունքների, ոլորտի հանրային վերահսկման նոր հնարավորությունների, իրականացված և նախատեսվող օրենսդրական բարեփոխումների մասին:
ԱՃԹՆ-ի չորրորդ ազգային զեկույցի պատրաստումն ու համաժողովի անցկացումը իրականացվել է Համաշխարհային բանկի «Աջակցություն Հայաստանի ԱՃԹՆ-ին. լրացուցիչ ֆինանսավորում» դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ։